ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ



Բանաստեղծ լինելը դժվարին մրցակցության ու պատասխանատվության գործ է, այն էլ հայ ժողովրդի բանաստեղծ լինելը: Գրիչ վերցնող ամեն ստեղծագործող, եթե միայն գրական պարզ արհեստավոր չէ և հանդգնում է իր գրածը հրատարակել, կամա թե ակամա դառնում է իրեն նախորդած ազգային ու համաշխարհային բոլոր մեծությունների մրցակիցը: Եվ ամենից դժվարը հենց հայրենի բանաստեղծական միջավայրում նկատելի դառնալն է, ազգային բանաստեղծների կողքին տեղ ունենալը, իսկ առանց դրա անկարելի է համաշխարհային ճանաչումը: Ուրեմն յուրաքանչյուր նոր բանաստեղծի հայտնություն ենթադրում է նոր խոսք ու ասելիք, նոր գեղարվեստական մտածողությամբ արտահայտված նոր բովանդակություն, որով ազգային գեղարվեստը մրցության գնա համաշխարհայինի հետ: Այլապես Նարեկացու ու Շնորհալու, Թլկուրանցու ու Քուչակի, Սայաթ-Նովայի ու Դուրյանի, Պեշիկթաշլյանի ու Սիամանթոյի, Թումանյանի ու Իսահակյանի, Մեծարենցի ու Վարուժանի, Ռ. Սևակի ու Տերյանի, Չարենցի ու Շիրազի համաստեղության մեջ տեղ ունենալը կմնար անիրականանալի երազանք:
    Ո՞վ է Պարույր Սևակը որպես բանաստեղծ, ի՞նչ մնայուն արժեքներով է նա տեղ նվաճել հայ գրականության մեծերի շարքում, ինչո՞վ է նա մեր ժամանակակիցն ու հոգեհարազատը և նոր սերունդների գրական ուսուցիչը: Ահա հարցերի մի շարք, որոնց պատասխաններն է՛լ ավելի կհստակեցնեն բանաստեղծի դիմանկարը, կբացահայտեն նրա նորարարության էությունն ու ստեղծագործության գեղարվեստական արժեքը:
    Նախապես ասենք, որ Պ. Սևակը գերագնահատման, առավել ևս նախորդ մեծությունների հաշվին գնահատելու կարիք չունի. ուստի չպիտի խորանանք մասնագիտական մանրամասների մեջ, այլ պիտի ջանանք հանրամատչելի ձևով բնորոշել Պարույր Սևակ երևույթը՝ ըստ նրա գեղարվեստական ու գիտական վաստակի և մեր գրականությանը մատուցած ծառայությունների:
    Հայ գրողներից քչերին է վիճակվել իրենց անունով գրական դպրոց ստեղծել, ունենալ հետևորդներ ու հաջորդներ, վճռաբար ազդել սերունդների գեղարվեստական մտածողության զարգացման ընթացքի վրա և ուղղորդել այն. միջնադարում ունեցել ենք նարեկյան դպրոց, նոր ժամանակներում՝ աբովյանական, թումանյանական, տերյանական, նորագույն ժամանակներում` չարենցյան, պարույրսևակյան գրական դպրոցներ: Բոլորովին այլ խնդիր է, որ տաղանդով սրանց մոտ, նույնիսկ ոմանց գերազանցող բանաստեղծներից շատերն իրենց անունով գրական դպրոց չեն ստեղծել: Այդպիսի առանձնաշնորհ տրված է եղել միայն նրանց, ովքեր չեն գոհացել ունեցած գեղարվեստական մակարդակով և ձգտել են հայտնաբերել ու կիրառել ինքնարտահայտման նոր ձևեր ու հնարավորություններ:
    Անկասկած է, որ նորագույն ժամանակներում ամենից ինքնատիպ հայ բանաստեղծներից մեկը հետևորդների մեծ բանակով իր գրական դպրոցն ստեղծած և հաջորդ սերունդների համար բնաստեղծական մտածողության նոր ուղի հարթած Պարույր Սևակն է: Եռակի մեծություն է նա. բանաստեղծ լինելով՝ միաժամանակ գիտական լուրջ արժեքներ է ստեղծել գրականության պատմության (մանավանդ՝ սայաթնովագիտության) ու տեսության և գրաքննադատության բնագավառներում, սերունդներին թողել է նաև ռուս ու եվրոպական հեղինակների երկերի բարձրորակ թարգմանություններ: Սրանք իրար բացառող բնագավառներ չեն, ընդհակառակը, սերտորեն շաղկապված են և փոխներթափանցված: Անգամ չպետք է վախենալ ասելուց, որ այն բանաստեղծություններում ու պոեմներում, ուր Սևակ տեսաբանն ու մտածողը գերազանցել են բանաստեղծին, այնտեղ տուժել է պոեզիան: Սակայն Պ. Սևակի գեղարվեստական երկերը չեն ստեղծվել առանց Սևակ տեսաբանի ու մտածողի, և վերջինս էլ՝ տեսաբանն ու մտածողը, հրաշալի գիտեր մեր գրականության արժեքը, նրա անվիճելի ուժն ու ցավալի պակասությունները, չէր հանդուրժում մանավանդ բանաստեղծական մտածողության մեջ հետամնացությունն ու արհեստավորությունը, ուստի նպատակադրված գրում էր՝ մեր գեղարվեստական խոսքի ուժն ավելի զորացնելու և պակասությունները նվազեցնելու, նորագույն ժամանակների համաշխարհային գեղարվեստական մտածողությանը համընթաց քայլելու, մեր ազգային գեղարվեստը պոեզիայում առաջավոր ժողովուրդների նվաճումների հետ մրցության տանելու ազնիվ ձգտումով: Հրաշալի գիտեր նաև բանաստեղծական խոսքի դաստիարակիչ ուժը, գիտեր, որ նոր գաղափարները, մտքերը սերունդների վրա ներգործող մեծ ազդեցություն են ունենում այն դեպքում, երբ ասվում են նախորդներից տարբեր եղանակով, գեղարվեստական պատշաճ հանդերձավորումով, պատկերավոր ու տպավորիչ:

Պարույր Սևակ


ԸՆԿԱԾՆԵՐԸ 

Կռիվներում ընկան նրանք. 
Ամեն մեկը՝ մի տան ճրագ, 
Ամեն մեկը՝ մի մոր որդի, 
Ամեն մեկը՝ մի աղջկա 
Երազանքը անապական, 
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան... 
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ, 
Ամեն մեկը անգին մի կյանք... 

Ամեն մեկը ընկան ա'յլ կերպ. 
Մերթ՝ ջրի մեջ, մերթ՝ հողի տակ, 
Մեկը սրով, տասը՝ հրով. 
Մեկը՝ արդեն հայտնի հերոս, 
Տասը՝ հերոս դեր չդարձած, 
Մեկը՝ իր մոր արցունքներով 
Թաց նամակը դեռ չընթերցած, 
Տասը՝ նամակ սպասելիս, 
Կարոտելիս, երազելիս... 

Բայց զոհի' պես չընկան նրանք: 
Ընկան նրանք իբրև մարտի'կ, 
Ընկան նրանք իբրև մարդի'կ, 
Որ սովոր են մահը վանել 
Իրենց կյանքով՝ հանուն կյանքի, 
Որ սովոր են զրկանք տանել՝ 
Ընդդեմ ցավի ու զրկանքի. 
Որ պատրսատ են հանուն սիրո 
Սիրուց առնել ատելու թափ. 
Եվ անպարտ են ատելությամբ: 
Որ հզոր են հենց այդ սիրով. 
Զոհի' նման չընկան նրանք: 
Ընկան նրանք իբրև մարտի'կ, 
Որ փուլ չգա էլ ապարանք, 
Խաղաղ մնա ամեն երդիկ, 
Եվ ծխանի ծուխը բարակ 
Վե'ր բարձրանա պրա՜կ-պրա՜կ, 
Քամուց թերթվի լուրթ երկնքում. 
Որ էլ ոչ մի ընտանիքում 
Անտերացած ոչ մի աթոռ 
Չաղաղակի դատարկությամբ 
Թեյի ժամին, ճաշի պահին. 
Որ արկերի դղրդոցին 
ՈՒ հրդեհի ահեղ բոցին 
Փոխարինեն արծաթ բահի 
Զրնգոցը երկնքի տակ 
Եվ կարոտի շշուկը տաք:

ԻՄ ՍԵՐԸ



Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։
Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։
Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։
1892
* * *
Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կը խորտակվի քո հոգին...
Ոչ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք։
Ես երգեցի սարի վըրա,
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՜, ամայի անապատ...
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում։
Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար...
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր։
1892

ՄԵՐ ՈՒԽՏԸ


Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
1903

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։
Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։
Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։
Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։
1902

ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՂ ԱՆԶԻՆՔ:




ԱՆԴՐԵԱՍ ԷԼԻԶ՛ԱՐՅԱՆ. Տեղական հայտնի հարուստներից մեկը: 55 տարեկան, առույգ և
ամրակազմ տղամարդ, կարճ խուզած ալեխառն մազերով, ցանցառ մորուքով և կարմիր այտերով:
ԵՐԱՆՈՒՀԻ. Նրա ամուսինը: Քահանայի դուստր, 46 տարեկան, ժամանակից առաջ թառամած,
դժգույն, նիհար կին, համակրելի և գեղեցիկ:
ԲԱԳՐԱՏ. Էլիզբարյանների ավագ որդին: Ժամանակակից գործնական երիտասարդ, 27 տարեկան,
եռանդուն դեմքով: Ձևերն ու շարժումներն արագ են, ոճը կտրուկ և գրական:
ՍՈՒՐԵՆ. Էլիզբարյանների երկրորդ որդին, 23 տարեկան կենսախինդ երիտասարդ, որի դեմքը
կրում է շվայտ կենցաղի վաղաժամ հետքերը, բայց համակրելի է: Հագնվում է վերջին տարազով:
ՌՈԶԱԼԻԱ. Էլիզբարյանների մեծ աղջիկը: 24 տարեկան, բավական գեղեցիկ, բայց չափազանց
ինքնագոհ դեմքով օրիորդ: Հագնվում է միշտ շքեղ, առանց գույների խտրության:
ՄԱՐԳԱՐԻՏ. Էլիզբարյանների երկրորդ աղջիկը: 22 տարեկան, մտախոհ դեմքով, արտահայտիչ
աչքերով օրիորդ` մի քիչ մորը նման, բայց ավելի գեղեցիկ: Հագնվում է համեստ ճաշակով:
ԱՐՏԱՇԵՍ ՕԹԱՐՅԱՆ. Անդրեասի հանգուցյալ ընկերոջ որդին և նախկին որդեգիրը: 26 — 27
տարեկան, խոհուն դեմքով, նյարդային շարժումներով: Հագնվում է միշտ սև:
ՍԱՂԱԹԵԼ. Երանուհու եղբայրը և Անդրեասի հավատարիմ աջակիցը: Մոտ 50 տարեկան,
անվրդով, բայց խորամանկ դեմքով: Երեսը սափրում է, քունքերի մոտ փոքրիկ մորուսհատներ
թողնելով: Հագնվում է միշտ միատեսակ — լայն վարտիք, սև ատլասի արխալուղ, վրեն
երկարավուն, լայն պիջակ: Վզովը գցած ժամացույցի ոսկե շղթա: Մեջքին կապած է ոսկե քամար:

Միշտ գործ է ածում դեղին սաթի տերողորմյա խոշոր հատիկներով: Կոշիկների տակերը մի
մատնաչափ հաստ են:
ԱՐԻՍՏԱԿԵՍ ԿԱՐԻՆՅԱՆ. Անդրեասի հաշվապահը: Ժամանակից առաջ ծերացած, 42 տարեկան
տղամարդ: Սովորական ծառայողի միջին տիպար: http://www.hay-em.do.am/
ՎԱՐԴԱՆ. Սպասավոր Էլիզբարյանների գրասենյակում: Երիտասարդ: Խոսում է Շամախու
բարբառով:
ՋԱՐՈԻՀԻ. Երիտասարդ աղախին:
Գործողությունը կատարվում է Էլիզբարյանների տանը: Մեր ժամանակի անցք:
ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ
Բեմը ներկայացնում է Անդրեաս և Բագրատ Էլիզբարյանների պարապելա սենյակը, որ բռնում է
սեփական տան վերին հարկում անկյունային դիրք` բնակարանի և գրասենյակի միջև:
Միջին մեծության սենյակ: Աջ1 պատի մեջ դեպի փողոց երկու մեծ լուսամուտներ, որոնց
մեջտեղում դրած է Անդրեասի գրասեղանը, վրեն, բացի գրելու պարագաներից, համարակալ,
հեռախոսի ապարատ և էլեկտրական շարժուն լամպար: Սեղանի քով, պատի կողմում մի մեծ
բազկաթոռ, մյուս կողմում մի հասարակ աթոռ:
Խորքի պատի մեջ երկու դռներ, մեկը բեմի կենտրոնական ուղղությամբ, դեպի գրասենյակ, մյուսը
բոլորովին ձախ, գրեթե անկյունում, դեպի նախասենյակ:
Զախ պատի մեջ ևս դռներ, որոնք տանում են դեպի բնակարան: Այս դռների մոտ, դեպի
ավանցսենա Բագրատի գրասեղանը, վրան, բացի սովորական պարագաներից, գրելու գործիքներ,
գծագրություններ և մի քանի մասնագիտական գրքեր` ինժեների համար: Սեղանի հետևում
երկաթե դրամարկղ: Խորքում, դեպի աջ — վառարան:
Պատերի տակ աթոռներ: Հատակի աջ կողմը ծածկված է գորգով: Լուսամատները վարագուրված
են:

Նար-Դոս - Մեր թաղը:



Մեծ ու փարթամ քաղաքի ծայրամասերից մեկի թաղը: Հավիտենական աղբով ծածկված ծուռտիկ-մուռտիկ փողոցներ, որոնք նեղլիկ անցքերով գնում խաչաձևում են իրար կամ դեմ առնում մի պատի՝ կույր մուրացկանի պես: Իրար վրա թափված, իրարու հենված տնակներ, որոնց խարխուլ լաբիարները թվում է թե ամեն րոպե պատրաստ են թափվելու անցորդի գլխին: Փոքրիկ պատուհաններ կեսը ապակի, կեսը թղթած, փտած դռներ, հողածածկ տափակ կտուրներ, որոնք ձմեռը տնքում են ձյունի ծանրության տակ, գարնանը ծածկվում փարթամ կանաչով և անձրևների ժամանակ կաթում, կաթում, կաթում, ստիպելով խեղճ ու թշվառ բնակիչներին պատսպարվել ծալքերում, դռների և պատուհանների խոռոչներում, չուլ ու փալասների տակ:
Այսպիսի տնակներից մեկն էր և ջուլհակ Թորոսի խրճիթը: Սակայն այս խրճիթը մյուս տնակներից տարբերվում էր միայն նրանով, որ սրա պատերի կեսն ալիզից էր (կավի և հարդի շաղախից) և կտրանը երդիկ ուներ, որի գլուխը ծածկված էր կոտրած կարասի վերին մասով: Այդ երդիկի տակ էր ջուլհակի դազգահը, և այդ տեղից էր նա ձմեռը լույս ստանում կտավ գործելիս, որովհետև միակ պատուհանը շատ փոքր էր և դազգահից հեռու: 


Ջուլհակ Թորոսը, որ մի ժամանակ շատ ժիր արհեստավոր էր, նստում էր իր նահապետական դազգահի առջև, ոտները կախում հորի մեջ, մաքոքը հինածի միջով աջ ձեռքից ձախն էր գցում, ձախից աջը, և վաղ առավոտից մինչև ուշ գիշեր խրճիթի խոր լռության մեջ լսվում էր ճախարակների միալար ճռճռոցը: Այժմ ծերացել էր, շատ էր ծերացել, մեջքը կորացել, կուզ էր դարձել, մորուքը սպիտակափառ փռվել էր կրծքին, սպիտակ թավ հոնքերը կախվել էին հանգած աչքերի վրա, ձեռքերը դողդողում էին և առանց ձեռնափայտի չէր կարողանում ման գալ: Ու չէր հիշում, թե երբվանից էր, որ դազգահը, կարծես խոր քուն մտած, կանգնած էր երդիկի տակ իր ցից-ցից սյուներով, առանց հինածի, որպես մի կմախք, չէր հիշում, թե երբվանից էր, որ ջահրան իր ծռված անիվով ընկած էր անկյունում անգործ, չէր հիշում, թե երբվանից էր, որ մասրաները փոշեթաթախ ընկած էին մութ պատի տակ թիթեղյա այն փոքրիկ լամպի հետ, որ գիշերները մխում էր դազգահի մոտ:
Այս էլ չէր հիշում, թե երբ էր մեռել կինը, թողնելով իր մի քանի զավակներից միայն մի աղջիկ, որ այժմ մոտ երեսուն տարեկան էր և իր միակ հույսն ու ապավենը այդ խորին ծերության հասակում: Մարթան էր նրան կերակրում, հագցնում իր ձեռքի աշխատանքով և չէր ամուսնացել միայն նրա համար, որ ծերունի հայրն անտեր — անտիրական չմնա: Նրա, ինչպես և համարյա ամբողջ թաղի կանանց, սովորական աշխատանքը հինած գործելն էր, որ նա վերցնում էր ասիական դերձակներից: Ամբողջ օրն աշխատում էր, աշխատում առանց դադար առնելու: Նրան միշտ կարելի էր տեսնել կամ դուրսը հարևան կանանց պես տան պատի տակ վիլալարը ձեռքին հինած հինելիս, կամ թել կծկելիս, կամ գուլուփայի վրա թել ետ տալիս և կամ թե տանը, թախտի վրա, դազգահի առջև նստած, գուլուփան ու թուրը ձեռքին, հինած գործելիս:

Հովհաննես Թումանյան: Գիքորը:


Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։
Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։
— Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը՝ մի գցի, չեմ ուզում,-լալիս էր կինը։
Բայց Համբոն չլսեց:
Մի խաղաղ առավոտ էր. մի տխուր առավոտ։ Տանըցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին։
Քույրը` Զանին, լաց էր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն էր տալի. «Գիքո՜լ, էդ ո՞ւլ ես գնում, հե՜ Գի-քո՜լ»։
Գիքորը շուտ-շուտ ետ էր նայում։ Տեսնում էր դեռ գյուղի ծերին կանգնած են նրանք, ու մայրը գոգնոցով սրբում է աչքերը։ Դարձյալ հոր կողքով վազում կամ առաջն էր ընկնում։ Մին էլ ետ նայեց. գյուղը ծածկվել էր բլուրի ետև։


Այնուհետև Գիքորը ետ էր ընկնում։
— Արի հա՛, Գիքոր ջան, արի հա՛, հասանք հ՛ա ,— որդուն կանչելով գնում էր Համբոն, շալակին մի խուրջին, մեջը մի քանի հաց ու պանիր ու մի երկու դաստա թութուն։
Իրիկնապահին, երբ անց էին կենում սարերը, մի անգամ էլ երևաց գյուղը հեռո՜ւ մշուշում։
— Ա՛յ, ապի, մեր տունն էն ա հա՜,— ցույց տվավ Գիքորը մատը մեկնելով դեպի գյուղը, թեև տունը իսկի չէր երևում, ու անցան։
Առաջին իրիկունը ղոնախ ընկան մի գյուղում։ Տանտերը Համբոյի հին ծանոթն էր։
Դեղին սամովարը թշշում էր տախտի ծերին։ Մի ջահել աղջիկ շրըխկշրըխկացնելով բաժակները լվանում ու թեյ էր շինում։ Նա մի կարմիր սիրուն շոր ուներ հագին։ Գիքորն էնտեղ մտքումը դրեց, որ երբ քաղաքում փող աշխատի, իրենց Զաննի համար մի էն տեսակ շոր ղարկի։
Իրիկնահացից ետը տանտերն ու Համբոն թինկը տված, չիբուխ քաշելով զրուց էին անում։ Խոսեցին Գիքորի մասին։ Տանտերը գովեց Համբոյին, որ չարչարվում էր որդուն մարդ շինի։ Հետո սկսեցին խոսել կռվի վրա, հացի թանգության՛ վրա, բայց Գիքորը շատ էր հոգնած, քունը տարավ։
Մյուս օրը քաղաք մտան։ Գնացին ծերունի թավլաչու մոտ: Առավոտը բազարն իջան։